09/12/2022 16:56
«Հայրենիք» խմբակցությունը Վանաձորում քաղաքական ճգնաժամի հաղթահարման լուծում է առաջարկում
Մեկ տարի է՝ Վանաձոր համայնքը չունի ձևավորված տեղական ինքնակառավարման մարմին, վանաձորցիների մեծամասնության քվեն ստացած խմբակցության ղեկավարը՝ Մամիկոն Ասլանյանը, քաղաքական հետապնդման հետևանքով անազատության մեջ է։ Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում որպես լուծում առաջարկում է նախ ընդունել համատեղ որոշում՝ օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, որը հրապարակելուց հետո երկրորդ քայլով առաջարկում է համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին։
«Քաղաքի բնականոն կենսագործունեությունը խաթարված է, կարիք կա հաստատելու համայնքի բյուջեն՝ վանաձորցիների կենցաղի սպասարկման տարրական ծախսերը ապահովելու համար, անհապաղ պիտի լուծվեն քաղաքի կանոնավոր աղբահանության, ասֆալտապատման, փողոցների բարեկարգման խնդիրները»։ Վահե Դոխոյանը հիշեցնում է՝ խոշորացված համայնքի խնդիրները բազմապատկվել են, հետևաբար օր առաջ պետք է փորձել հաղթահարել ճգնաժամը։
Հարցին, թե արտահերթ ընտրություն անցկացնելու գաղափարը արդյոք չի վնասի ընտրված ղեկավարին, որ քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ է, Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարը պարզաբանում է՝ խմբակցությունը աջակցել է «Ասլանյան» դաշինքին՝ հարգելով վանաձորցիների որոշումը, այսուհետ ևս շարունակելու է ջանքեր գործադրել Մամիկոն Ասլանյանին ապօրինի բանտարկությունից ազատելու, արդարության վերականգնման համար։ Վահե Դոխոյանն ընդգծում է՝ այս գործընթացում խնդիր ունեն նաև փրկելու ժողովրդավարությունը, քանի որ ստեղծված իրավիճակը կարող է տարիներ տևել և որպես հետևանք տուժելու է թիվ մեկ շահառուն՝ վանաձորցին։
«Եթե վաղը քաղաքական հետապնդում նախաձեռնվի իմ հանդեպ, դրանից չպտի տուժեն համայնքը, քաղաքացիները։ Յուրաքանչյուրս պիտի գիտակցենք՝ անձնական շահը ստորադասվում է համայնքին. Վանաձորի բնականոն կյանքը գերակա շահ պետք է լինի բոլորի համար»։
Վահե Դոխոյանը հույս է հայտնում, որ ավագանու անդամները ընդառաջ քայլ կանեն՝ ի վերջո իրավիճակը հօգուտ վանաձորցիների հանգուցալուծելու համար։