09/12/2022 18:30
ՇՀԿ և ԱՊՀ երկրներն ընդլայնելու են ռազմական համագործակցությունը․ Շոյգու
Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո:
«Հանդիպմանն ընդգծվել է ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական համագործակցության, փոխվստահության ամրապնդման և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է Շոյգուն։
Նշենք, որ ՇՀԿ և ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն նիստին միացել և ելույթ է ունեցել հեռավար ձևաչափով։ Նիստին ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ռազմական ու անվտանգության համակարգերում համագործակցության ընդլայնման ուղիները։