09/12/2022 13:07
Նոր օրենքով պետական պահպանության ծառայություն կհատկացվի միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին. մյուսների դեպքում վարչապետը կորոշի՝ պե՞տք է, թե՞ ոչ
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
«Կարծում եմ՝ այստեղ որևէ ճգնաժամ չի լինելու, որովհետև համակարգային առումով կուռ համակարգ է լինելու ու այս տրամաբանության շրջանակներում որևէ խնդիր չկա», - նշեց ԱԽ քարտուղարը:
Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։
Գրիգորյանն ասաց, թե այս հարցը երկար քննարկումների առարկա է եղել, թե ինչու 7 և 10 տարի:
«Մենք փորձել ենք որոշակի չափով բալանսավորված որոշում կայացնել: Սա կարելի է անվերջ քննարկել, բայց պետք էր վերջնական որոշում կայացնել՝ վերջնական լուծում գտնելու համար», - ընդգծեց նա:
Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:
Արմեն Գրիգորյանը, սակայն, ասաց, թե, ըստ իրավիճակի, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը: