10/12/2022 13:52
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում համապատասխան եռակողմ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման միջոցով: Գործընթացները, որոնք չափազանց զգայուն են երկու կողմերի համար, պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:
«Մենք նաև կանոնավոր շփումներ ենք նախապատրաստում երկու երկրների հանրության և փորձագիտական համայնքների միջև: Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», - հավելել է Գոնչարը։
Ըստ նրա՝ այս գործընթացում կարող է իր ներդրումն ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունը աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում։