10/12/2022 13:38
Վաշինգտոնն ու Բրյուսելը մտադրություն ունեն Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել. Գոնչար
Արևմուտքի երկրները համառորեն ձգտում են սեպ խրել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափերի մեջ, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք շարունակում ենք արձանագրել նրանց՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր եռակողմ ձևաչափերի մեջ սեպ խրելու համառ ցանկությունը: Եվ որքան էլ նրանք Բրյուսելում և Վաշինգտոնում փորձեն այլ բան ներկայացնել, դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը իրապես և անկեղծորեն օգնելու մտադրությունը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են անգամ դրական առումով հիշատակել Ռուսաստանին և ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը», - հայտարարել է դիվանագետը:
Գոնչարի խոսքով` Ռուսաստանն այդ համատեքստում է ընկալում նաև Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիտորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելությանը տարածաշրջան ուղարկելու փորձերը` շրջանցելով կոնսենսուսի կանոնը։
Միաժամանակ, Գոնչարը հիշեցրել է, որ երկու կողմերի հետ շփումներում ռուս խաղաղապահների հրամանատարության ջանքերի շնորհիվ է կասեցվել հայ-ադրբեջանական սահմանի հատվածում լարվածության սեպտեմբերյան սրումը։
«Հայկական կողմի խնդրանքով օպերատիվ քայլեր են ձեռնարկվել նաև ՀԱՊԿ-ի միջոցով, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին և միացյալ շտաբի պետին ուղարկելով գնահատել իրավիճակը տեղում և մշակել ՀԱՊԿ դիտորդական առաքելության գործուղում Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Սահմանային գոտում իրավիճակը բովանդակային քննարկման է դրվել նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ տարեկան ժողովում», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը:
Նա նաև նշել է, որ եթե հայկական կողմը շահագրգռված լինի, ապա անհապաղ կընդունվեն ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումները։