
10/12/2022 10:30
«Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը՝ Ջերմուկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։ Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ խորհուրդը նոր մարմին է, դրա անդամներն են ՔՊ վարչության անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները, ինչպես նաև տարածքային խորհրդի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Մարմինը ձևավորվել է ՔՊ վերջին համագումարի ընթացքում՝ ՀՀԿ խորհրդի նմանությամբ, որն ուներ և՛ վարչություն՝ գործադիր մարմին, և՛ խորհուրդ։ Իսկ խմբակցությունում երեկ բողոքում էին, թե հավաքվել՝ հավաքվել էր, կարող էին մեզ էլ հրավիրել և տարեվերջյան ամփոփում անել, ձեռքի հետ էլ՝ հավաքույթ, քեֆ-ուրախություն։
Նշենք, որ հավաքը կանցկացվի «Ջերմուկ հայաթ» ամենաթանկ հյուրանոցում, որը տեղակայված է նախկինում ՀՀԿ-ի, հիմա ՔՊ-ի սրտի օլիգարխ Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց։ «Ջերմուկ հայաթ»-ը պատկանում է Վայոց Ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաև Մոսկվայի «Արարատ հայաթ»-ի տերն է»։