
12/12/2022 11:54
44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, անվտանգային նոր սպառնալիքները մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան
44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ավելին, նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին, այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի», - ասաց նա:
Միրզոյանի խոսքով՝ հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն:
«Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների ու հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, ու հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռություն», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը: