20/12/2022 10:50
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում՝ խաղաղության հաստատման ուղղությամբ. Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հեռանում է Հայաստանից։ Հրաժեշտի տեսաուղերձում դեսպան Թրեյսին խոսում է Հայաստանում անցկացրած հիշարժան պահերի և հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին` հույս հայտնելով, որ ի հեճուկս ներկայիս մարտահրավերների՝ հնարավոր կլինի ապահովել խաղաղություն։
«Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ. երկրի համար դժվարին ժամանակներ էին։ Չնայած անհերքելի մարտահրավերներին, ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ։
Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է, հատկապես մեր կրթական ծրագրի շրջանավարտ Եվայի նման երիտասարդները, որոնք վճռական են տրամադրված երկրի ապագան կերտելու հարցում։
Ինձ ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը։ Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծեց մեր գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին։
2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն էր։
Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասում է դեսպանը տեսաուղերձում։
Մանրամասն՝ տեսանյութում։