29/12/2022 14:37
ՀԱՊԿ երկրները պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան. Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Երևանի կողմից նման հետաքրքրության դեպքում, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետին խնդրել են մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե այժմ «հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանը կանգնի Հայաստանի կողքին և պաշտպանի իր ինքնիշխանությունը»։
«Գիտեք, ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը: Եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունների մասին է, ապա, եթե Երևանը շահագրգռված է, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստ կլինեն Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն», - ասել է Զախարովան։
«Եթե խոսքը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ռուսական աջակցությանը, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մենք կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, մենք, որպես միջնորդ, մշտապես ընդունում ենք այնպիսի դիրքորոշում, որը թույլ է տալիս մեզ արդյունավետորեն կատարել այդ գործառույթը: Եվ ես, իսկապես, հուսով եմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այդ մասին»,- հավելել է դիվանագետը։