07/01/2023 16:16
Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ ուկրաինացիներն ու ռուսները ոչ մի դեպքում թշնամի ժողովուրդներ չդառնան․ Պատրիարք Կիրիլ
Ռուս ուղղափառ եկեղեցին ամեն ինչ պետք է անի, որպեսզի ուկրաինացիներն ու ռուսները ոչ մի դեպքում թշնամիների չվերածվեն, «Россия 1»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։
«Ուկրաինան հայտարարել է, որ արմատապես փոխում է իր քաղաքական, ես կասեի նաև՝ պատմական զարգացման վեկտորը, և որ այդ նոր ուղին ոչ մի կերպ չի համընկնում Ռուսաստանի զարգացման վեկտորի հետ։ Այսպիսով փորձում են մարդկանց պառակտելու ինչ-որ քաղաքակրթական նախադրյալներ ստեղծել, իսկ թե որքանով է հաջողվում այդ բաժանումը հասցնել ժողովուրդների կյանքի խորքերը, բարդ հարց է, թեպետ Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որ ուկրաինացիների աչքում Ռուսաստանն իսկապես թշնամի երևա, որ ուկրաինացիների աչքում ռուս ժողովուրդը, ռուսաստանցիները, այլ ժողովուրդ երևան»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարքը։
«Ապագան կախված է նրանից, թե որքանով կհաջողվի մեկ ժողովրդի երկու մասերի միջև անդունդ առաջացնելուն ուղղված այս գործելաոճը, սակայն եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որպեսզի ուկրաինացիներն ու ռուսները ոչ մի դեպքում թշնամիներ չդառնան»,- հավելել է նա։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանում ատելություն չկա ուկրաինացիների նկատմամբ, և Ուկրաինայի իշխանությունը քննադատության է ենթարկվում քաղաքական նկատառումներից ելնելով։
«Մենք չեն իջնում վիրավորանքների մակարդակի։ Մենք համաձայն չենք Ուկրաինայի ղեկավարության քաղաքական դիրքորոշման հետ, բայց Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի սերմանման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է նա։