
12/01/2023 14:40
Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են. Զախարովա
Հայտարարությունները, թե իբր, Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթ են, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, նրանք արմատացած են պատմության խորքերում: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պահպանման գործում։
«Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել», - ասել է նա։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։