20/01/2023 13:00
«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։
Նա կարծում է, թե այս միջնորդությունն այսօր են ներկայացրել, որ շեղեն հասարակությանն այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։
«Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ։