
23/01/2023 19:02
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում հանդիպել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել
Հունվարի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: