
27/01/2023 17:45
Երևանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել»,- մասնավորապես, ասել է նա։
Հարությունյանը հերքել է նաև հայտարարություններն, ըստ որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ կազմից։
«Այդ գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում։ ՀՀ վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ չի կարող լինել, այդ պատճառով էլ դա (գնահատականը-խմբ․) չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, այս, այսպես ասենք՝ անկայուն ժամանակաշրջանում մեր փոխհարաբերությունները խորանում են և ավելի կխորանան։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է, անդամակցում է տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որտեղ ներկայացված է Ռուսաստանը։ Այդ պատճառով այդ ամենը պետք է ընկալել որպես մեր հարաբերությունները չհասկացող մարդկանց հայտարարություններ»,- ասել է Հարությունյանը։