
28/01/2023 19:44
Իտալիան ու Ֆրանսիան ՀՕՊ համակարգերի հրթիռներ կտրամադրեն Ուկրաինային․ Il Messaggero
Իտալիան և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ ձեռք բերել մոտ 700 Aster-30 զենիթային հրթիռներ, որոնք նախատեսված են SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերը համալրելու համար, հայտնել է Il Messaggero պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Իտալիան ու Ֆրանսիան մտադիր են Ուկրաինային տրամադրել այդ հրթիռների մի մասը, իսկ մյուս մասը պահել սեփական երկրների արսենալում։
Il Messaggero-ի տվյալների համաձայն՝ նախօրեին Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն և Ֆրանսիայի նրա գործընկեր Սբաստիան Լեկորնոն Հռոմում քննարկել են ՀՕՊ համակարգերն Ուկրաինային մատակարարելու տեխնիկական մանրամասները։
Մեկ այլ՝ La Stampa պարբերականի տվյալներով էլ Իտալիայի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարների քննարումների արդյունքներով պաշտոնական որոշումը պետք է կայացնեն Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդպես հաղորդել են պարբերականի դիվանագիտական աղբյուրները։