
28/01/2023 17:54
Սահակաշվիլին հրաժարվում է կատարել բժիշկների ցուցումները
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բժիշկները հատուկ թերապիա են նշանակել՝ նրա կենսական գործառույթները պահպանելու համար, սակայն Սահակաշվիլին կտրականապես հրաժարվել է բժիշկների ծառայություններից, հայտարարել է «Վիդամեդ» բուժկենտրոնի ղեկավար Զուրաբ Չխաիձեն։ Սահակաշվիլին գտնվում է այդ բուժկենտրոնում։
«Նրա առողջական վիճակը վատանում է։ Ուզում եմ հորդորել Սահակաշվիլու ազգականներին, նրա մորը՝ Գիուլի Ալասանիային, համոզել Միխայիլ Սահակաշվիլուն՝ կատարել բժիշկների ցուցումները։ Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասել է Չխաիձեն։
Նա հայտնել է նաև, որ վերջին օրերին Սահակաշվիլին կրճատել է նաև ընդունվող սննդի չափաբաժինը, ինչի հետևանքով օրեցօր կիլոգրամներ է կորցնում։
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Միխայիլ Սահակաշվիլին դիտմամբ է իր առողջությանը վնաս պատճառում՝ ամեն գնով ազատության մեջ հայտնվելու համար։