
28/01/2023 13:49
Թող Տերը ողբերգություններից, կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին, զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառը նշեց, որ աղոթքներում անդրադարձ են կատարել Արցախի զավակներին, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել:
«Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին: Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր»՝ մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։