
30/01/2023 19:24
Պակիստանը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևոր գործընկերն է․ Լավրով
Ռուսաստանն ու Պակիստանը փոխադարձ ցանկություն ունեն ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և տնտեսության այլ բնագավառներում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պակիստանի ԱԳ նախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ բանակցությունների ժամանակ։
«Անկասկած, Մոսկվան ու Իսլամաբադը փոխադարձաբար ձգտում են ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը, առաջին հերթին, էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «Պակիստանը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևոր գործընկերն է»։
«Պակիստանի հետ հարաբերությունները մեզ համար առանձին արժեք ունեն և արտաքին քաղաքական կոնյուկտուրայում տատանումների չեն ենթարկվում։ Խորը փոփոխությունների ժամանակաշրջանում, որին մենք ականատես ենք լինում միջազգային ասպարեզում, մեզ համար կարևոր է շարունակել արտաքին քաղաքական շփումները, համեմատել մեր դիրքորոշումները՝ առաջընթացն ավելի տեսանելի դարձնելու համար։ Ռուսաստանն ու Պակիստանը մոտ դիրքորոշումներ ունեն միջազգային և տարածաշրջանային ամենաարդիական խնդիրների շուրջ»,- ասել է Լավրովը՝ կարևորելով նաև միջազգային կառույցներում ու հարթակներում երկու երկրների համագործակցությունը։