
30/01/2023 12:42
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:
«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշվում է ԲԴԽ հաղորդագրությունում: