
30/01/2023 16:23
Կարսում շարունակվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նոր տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել Կարսում շարունակվող «Ձմեռ-2023» զորավարժությունից, գրում է ermenihaber-ը։
Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ մասնակից երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալազիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան և Վրաստանը։
1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 միավոր զենք։
Հաղորդվում է որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմը Վրաստանի, Ուզբեկստանի, Կոսովոյի և Ղազախստանի ստորաբաժանումների հետ պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք մամուլի օրվան և փետրվարի 2-ին կայանալիք բարձր մակարդակի դիտարկման օրվան։