
30/01/2023 19:36
Ճապոնիայի և Հունաստանի վարչապետերը հայտարարել են՝ աշխարհն այժմ պատմական շրջադարձային կետում է գտնվում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ աշխարհն այժմ «պատմական շրջադարձային կետում» է գտնվում։
Կիսիդայի և Միցոտակիսի հանդիպման արդյունքներն ամրագրող հայտարարությունը տարածել է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը։
«Աշխարհն այժմ պատմական շրջադարձային կետում է, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ անվտանգային ամենաբարդ իրավիճակում»,- նշված է հայտարարությունում։
Հրապարակված փաստաթղթում Ճապոնիան ու Հունաստանը միմյանց բնորոշել են որպես «ռազմավարական գործընկերներ»։ Ըստ հայտարարության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել համագործակցությունն անվտանգության բնագավառում՝ «կարևորելով ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ազատ և բաց դարձնելու գործում»։
Ըստ Ճապոնիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության, Կիսիդան ու Միցոտակիսը հայտարարել են նաև Արևելա-չինական և Հարավչինական ծովերում «ստատուս քվոն ուժով փոխելու ցանկացած միակողմանի փորձի անընդունելիության» մասին։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը, նշված է հայտարարությունում։