
02/02/2023 20:53
Ե՞րբ է ավարտվում երեխայի հնչարտաբերական համակարգի ձևավորումը, պե՞տք է արդյոք անհանգստանալ սկզբնական փուլում․ Հարցին պատասխանում է մասնագետը
Լեզվի հնչյունների յուրացումը տարբեր երեխաների մոտ ընթանում է տարբեր կերպ: Այդ ճանապարհին յուրաքանչյուր երեխա հանդիպում է դժվարությունների. ոմանց մոտ լեզվական խնդիրները հետզհետե հաղթահարվում են, ոմանց մոտ՝ ոչ:
Aysor.am-ը թեմայի շուջ զրուցել է «Արաբկիր» Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ - համալիրի և «ԱրԲեՍ» ԱԿ-ի լոգոպեդ Քրիստինա Խառատյանի հետ։
- Ե՞րբ է պետք անհանգստանալ երեխայի հնչարտաբերման թերությունների համար։
- Երեխայի հաղորդակցման և խոսքի բնականոն զարգացման ընթացքում կարևոր է բանավոր խոսքի բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ հնչնարտաբերության ձևավորումը, քանի որ երեխայի հստակ խոսքը հանդիսանում է նրա՝ ինչպես բնականոն շփման զարգացման, այնպես էլ՝ անձի լիարժեք ձևավորման կարևոր նախադրյալներից։
Շատ հաճախ ծնողները գիտակցում են դա, սակայն մասնագետին դիմելու մոտեցումները կարող են ծայրաստիճան տարբեր լինել. մի դեպքում ծնողները երեխայի հնչնարտաբերական դժվարությունները փորձում են շտկել հնարավորինս շուտ և դիմում են լոգոպեդին շատ վաղ տարիքում՝ հաշվի չառնելով երեխայի խոսքի զարգացման փուլը, օրինակ՝ 3 տարեկան երեխայից պահանջվում է Ռ հնչյունի հստակ արտաբերություն, իսկ մեկ այլ դեպքում էլ՝ երեխայի թլվատ և գրեթե անհասկանալի խոսքը անտեսվում է ծնողի կողմից, մասնագետին դիմելն էլ հետաձգվում է մինչև 6 տարեկանը, ինչն արդեն բաց թողնված ժամանակ է։ Ուստի գրագետ մոտեցման համար անհրաժեշտ է հետևել հայերենի հնչնարտաբերության ձևավորման օնտոգենետիկ փուլայնությանը։
- Ե՞րբ է ավարտվում լեզվի հնչյունային համակարգի ձևավորումը երեխաների մոտ, որից հետո անհրաժեշտ է դիմել մասնագետին։
- Մինչ օրս ընդունված չափորոշիչների համաձայն հնչնարտաբերության ձևավորումը սկսվում է 1 տարեկանից և լիարժեք ավարտվում 6-6,5 տարեկանում։ Հարկ է նշել, որ ձայնավոր հնչյունների արտաբերությունը սկզբնական փուլերում է տեղի ունենում, այնուհետ ձևավորվում են շրթնային հնչյունները (Մ,Պ,Բ), ապա շրթնատամնային հնչյունները (Վ,Ֆ) և այսպիսով 4-5 տարեկանում երեխան արդեն հստակ տարբերակում է բոլոր հնչյունները, ձևավորվում հնչյունահնչույթային ընկալումը և նա կարողանում է հստակ արտաբերել գրեթե բոլոր հնչյունները՝ շարքն ամփոփելով արտաբերությամբ ավելի բարդ հնչյունների ձևավորմամբ՝ Շ, Ժ, Չ, Լ, Ր և Ռ հնչյունը, որի ձևավորումը կարող է տեղի ունենալ մինչև 6,5 տարեկանը։
- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանդիպում հայ երեխաների շրջանում, ի՞նչ գործոններով դրանք կարող են պայմանավորված լինել։
- Այսօր նորագույն տեխնոլոգիաները մարդկային հասարակության համար ստեղծել են բոլորովին նոր աշխարհ: Սոցիալ-մշակութային և կրթական նորանոր պայմանները, նորագույն տեխնոլոգիաների օրըստօրե ավելացումը, համաճարակային իրավիճակները, երբ պաշտպանիչ դիմակների առկայությամբ մեծահասակի արտաբերական ապարատը ամբողջությամբ ծածկված է, իսկ երեխայի շփման շրջանակը հասակակիցների հետ կարող է խիստ սահմանափակվել ․․․ Ըստ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր պրակտիկայում գրանցված գնահատման արդյունքների տվյալներում առկա նկատելի փոփոխությունների, կարող ենք փաստել, որ այս ամենը բացասաբար են ազդել երեխայի խոսքի բնականոն զարգացման վրա. մեծացել է ուշացող խոսքի տոկոսայնությունը, միանգամից մի քանի լեզվի առկայության պայմաններում լիարժեք չեն ձևաորվում մայրենի լեզվի հնչյունահնչույթային պատկերացումներն ու երեխայի հնչնարտաբերությունը, առաջանում են խոսքի զարգացման տարբեր խնդիրներ:
Այսօրվա երեխան հաճախ է դառնում դյուրագրգիռ և առավել խոցելի նյարդահոգեբանական տեսանկյունից, ինչն անդրադառնում է նաև նոր ձևավորվող խոսքի վրա և երեխան սկսում է կակազել:
- Այստեղ որևէ դեր կարո՞ղ է խաղալ ժառանգական գործոնը։
- Այո, բնականոն զարգացում ունեցող երեխայի հնչնարտաբերության ձևավորման համատեքստում հարկ է կարևորել նաև ժառանգականության դերը, երբ հնչնարտաբերական դժվարությունները կարող են փոխանցվել սերնդեսերունդ և հաղթահարվել ճիշտ ժամանակին լոգոպեդական գրագետ միջամտությամբ:
- Ի՞նչ խորհուրդ տաք ծնողներին, որպեսզի փորձեն կանխարգելել հնչարտաբերական գործընթացի զարգացման հետ կապված խնդիրները երեխաների մոտ։
- Որպես մասնագիտական խորհուրդ կարող ենք նշել, որ երեխաների առողջության հետագա վնասների կանխարգելումը նորագույն տեխնոլոգիաների օգտագործման տեսանկյունից հօգուտ երեխայի հնարավոր է մանկավարժական ճիշտ պայմանների կազմակերպմամբ՝ հիշելով, որ մինչեւ 3 տարեկանը զարգացող ուղեղը բացարձակապես կարիք չունի թվային սարքերի։
Առաջնորդվելով նյարդաֆիզիոլոգների և բժիշկների խորհուրդներով՝ կարող ենք փաստել, որ 3 տարեկանից բարձր երեխաներին գաջեթները կարելի է տալ միայն խիստ սահմանափակ ժամանակով, ոչ թե դրանք դարձնել երեխայի «ուսուցիչ-դայակ»-ը։ Բացի այդ, հարկավոր է խրախուսել իրական կյանքը՝ բակում խաղալը, սովորական խաղալիքներով խաղը, հարազատների հետ զբոսնելը, մայրիկի հետ ճաշ պատրաստելը, սպորտը, նկարչությունը, երաժշտությունն ու բեմական գործունեությունը: Խորհուրդ է տրվում. ավելի շատ շփվել երեխայի հետ, քննարկել գրքերը և այն, ինչ շրջապատում է իրեն, ինչ է երազում կամ մտածում նա։
Խրախուսելի է երեխայի մասնակցությունն այնպիսի նախագծերի (ապլիկացիոն աշխատանք, կարկանդակների համատեղ պատրաստում և այլն), որտեղ ներգրավվելու են բոլոր հինգ զգայարանները՝ տակտիլ, տեսողական, լսողական, հոտառական և համային: Կարևոր է դիմակայել երեխաների քմահաճույքներին, քանի որ նրանց անհրաժեշտ է իմաստուն, սիրող, բայց վճռական ծնող, մեծահասակ:
Ձանձրացող երեխայի համար այսօր միշտ էլ հնարավոր է գտնել օգտակար խաղ կամ գործունեության տեսակ՝ խթանելով երեխայի հաղորդակցման և խոսքի բնականոն զարգացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։