
02/02/2023 19:33
Ի՞նչ է պլազմոթերապիան․ Միջամտության առավելություններն ու հակացուցումները
Պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, որի հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ։
Շնորհիվ սեփական պլազմայի ներարկման հանգամանքի՝ միջամտությունն ամենաանվտանգն է մյուս ներարկումային միջամտությունների շարքում և ունի բարձր արդյունավետություն։
Արտերկրում մեթոդը կոչվում է PRP-թերապիա (Platelet-Rich Plasma): Հայտնի է, որ թրոմբոցիտներն պարունակում են աճի գործոններ, որոնք պատասխանատու են ոչ միայն արյան մակարդման, այլև երիտասարդ հյուսվածքի վերականգնման համար:
Պլազմոթերապիան սկսվում է պացիենտի երակից արյուն վերցնելով, որը հատուկ սրվակի մեջ ցենտրիֆուգմամբ մշակվում է՝ թրոմբոցիտներով հարուստ պլազմա պատրաստելու նպատակով: Այն պատրաստ է լինում մշակումից 10 րոպե անց: Դրա մեջ պարունակվող թրոմբոցիտները արյան բջիջներն են, որոնք ձևավորում են արյան մակարդման ֆունկցիան, ինչպես նաև ազդում են օրգանիզմի բնական վերականգնման գործընթացների վրա: Սպիտակուցային մոլեկուլները, որոնք թրոմբոցիտների աճի գործոններն են, կարող են կարգավորել բջիջների աճը ու արագացնել բաժանումը: Բացի այդ, պլազմայի խտանյութում պարունակվում են հորմոններ, ֆերմենտներ, վիտամիններ, որոնք կարող են ուժեղացնել վերականգնող և երիտասարդացնող ազդեցությունը: Միջամտության կատարման տեխնիկան չի տարբերվում բիոռևիտալիզացիայից՝ նյութը ենթամաշկային միկրոինիեկցիաների միջոցով ներարկվում է ամենաբարակ մեզոթերապևտիկ հատուկ ասեղներով՝ դեմքի, պարանոցի, դեկոլտեի, գլխամաշկի և այլ մարմնի այլ շրջաններում՝ թե՛ էսթետրկ, և թե բուժական նպատակներով։
Մեթոդն ունի իրեն հատուկ մի շարք առավելությունները․
Առավելագույն անվտանգությունը պլազմոթերապիայի անվիճելի առավելություններից մեկն է: Շնորհիվ այն բանի, որ պլազման պացիենտի սեփական արյան մի մասն է, այն ալերգիկ ռեակցիաների և օրգանիզմի համար օտար նյութերի աղբյուր չի հանդիսանում:
Պլազմոթերապիան արդյունավետորեն պայքարում է տարիքային փոփոխությունների դեմ, օգնում է բարելավել մաշկի վիճակը ակնեի և հետակնե հետքերի դեպքում, վերականգնել մաշկի որակը, ստանալ ավելի հարթ երանգ և թարմ տեսք, նվազեցնել դեմքի միմիկական, ստատիկ և բարակ կնճիռների արտահայտվածությունը։ Միջամտությունն օգնում է նաև կրճատել սպիները, ստրիաները և բարելավել դրանց արտաքին տեսքը:
Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ցավազրկող և հակաբորբոքային հատկությունները օգնում են թեթևացնել ցավային ախտանիշները և զգալիորեն արագացնում են ապաքինման գործընթացը լազերային թերապիաներից (հղկում, ֆրակցիոն թերմոլիզ) կամ քիմիական պիլինգներից հետո:
Գլխամաշկին ներարկումները թրոմբոցիտներով հարուստ պլազմայի շնորհիվ խթանում են մազի հիմքում գտնվող բջիջների աճը, ինչպես նաև գլխամաշկի միկրոշրջանառությունը: Պլազմոթերապիան ցուցված է ալոպեցիայի (օջախային մազաթափություն) համալիր բուժման մեջ, կարող է օգտագործվել մազաթափության կանխման, մազերի աճը խթանելու և որակը բարելավելու համար:
Պլազմոթերապիա պրոցեդուրան ի թիվս օգտակար ազդեցությունների, ունի նաև որոշակի հակացուցումներ․
օնկոլոգիական հիվանդություններ,
ակտիվ փուլում գտնվող հերպես,
վարակիչ հիվանդություններ,
դաշտանային ցիկլ,
հղիություն,
արյունահոսության հակում,
արյան նոսրացմանը նպաստող դեղամիջոցների ընդունում,
դեկոմպենսացիայի փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ,
իմունային անբավարարության վիճակներ,
հոգեկան և նևրոտիկ խանգարումներ:
Միջամտությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ օգտագործելով արևապաշտպան քսուք։ Այս ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում նաև այցելել սաունա, լողավազան, սոլյարի, կատարել մերսումներ։
Ներարկման հատվածներում միջամտությունից հետո հնարավոր է նկատվեն աննշան կապտուկներ, որոնք ինքնուրույն անհետանում են մի քանի օր անց:
Ճիշտ է, նույնիսկ մեկ միջամտությունից հետո կարելի է տեսնել պլազմոթերապիայի արդյունքը, սակայն այն խորհուրդ է տրվում կատարել համալիր սկզբունքով՝ կուրսով, առնվազն 4 միջամտությամբ՝ ավելին բժշկի ցուցումով։
Միջամտությունները կատարվում են 1-2 շաբաթ ընդմիջումներով, իսկ կուրսը կարելի է կրկնել տարեկան 2 անգամ։
Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ պլազմոթերապիան պարզ և անվտանգ մեթոդ է՝ շնորհիվ թրոմբոցիտներով հարուստ պլազմայի վերականգնող և բուժիչ հատկությունների: Քանի որ նյութը ստացվում է սեփական արյունից, հետևաբար բնական է և անցանկալի ռեակցիաների ռիսկը նվազագույնի է հասցված, իսկ արդյունքը հաստատված է կլինիկական փորձով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։