
02/02/2023 21:14
Մեր հիմնական նպատակն է սպորտի միջոցով վերջ դնել արատավոր երևույթներին․ Հաղթանակած հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյան
Հունվարի 21-ին Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթող է ճանաչվել «Sharky-Racing» թիմի առաջատար, հայազգի արշավորդ Արթուր Գորոյանը։
Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։
Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Գորոյանը պատմեց այն մասին, թե ինչպես է առաջացել գաղափարը, որպեսզի մեքենան, որով մասնակցում էր մրցմանը, լինի պատված եռագույնով․
««Աուդի»-ն, որով ներկայացանք մրցարշավին, պատկերազարդված էր Հայաստանի դրոշով, այդ գաղափարը մեր թիմակից, հայազգի Նիկոլա Մինասյանինն է եղել։ Իսկ հաղթանակից հետո, ինչպես և խոստացել էի, պոդիում բարձրացա Հայաստանի դրոշով»։
Արթուր Գորոյանի խոսքով, իր և թիմի հիմական նպատակներից մեկն է եղել, որ կարողանան սպորտի միջոցով կանխել թմրանյութերի, ալկոհոլի և այլ արատավոր երևույթների տարածումն ու օգտագործումը, որ մարդիկ փորձեն առավել արդյունավետ կերպով իրենց էներգիան ծախսել սպորտում։
Նա նաև անընդունելի համարեց կյանքեր խլող փողոցային մրցումները, և կատակեց․ «Եթե կա ադրենալինի ցանկություն, ես ավելի արագ եմ և բոլոր ցանկացողները կարող են իրենց ուժերը փորձել մրցուղում՝ ինձ հետ»։
Խոսելով մարզիկների պատրաստվածության մասին, արշավորդն ասաց, որ այս սպորտաձևում մարզվելով, 1-2 տարում արդեն կարելի է դուրս գալ տարատեսակ մրցումների։ Պետք է հաշվի առնել միայն, որ այս սպորտաձևը ևս իրենից մի շարք դժվարություններ է ներկայացնում․
«Մրցաշարից առաջ մենք կատարում ենք ուժերի ճիշտ բաշխում և հավելյալ մեկ շրջանը կարող է առավել լարված և դժվար դարձնել ընթացքը։ Այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած փոփոխության»։
Արթուր Գորոյանը նշեց, որ իր համար էմոցիոնալ առումով շատ հիշարժան է եղել հենց այս հաղթանակը։
Մարզիկը, ավտոմոբիլային արշավով զբաղվել ցանկացողներին խորհուրդ տվեց դիմել համապատասխան սպորտֆեդերացիաներին և հասկանալ, թե որտեղից պետք է սկսել աշխատանքը․
«Ես ևս բացի ավտոսպորտից, սիրում եմ նաև ուղղաթիռներով թռիչքներ կատարել և այդ ամենի մասին պատկերացում կազմելու համար, դիմել եմ Ռուսաստանի ինքնաթիռների վարման սպորտի ֆեդերացիային»։
Հարցին, թե ինչպես ավտոմեքենայի ընտրությունը կանգ առավ «Աուդի» մակնիշի վրա, Գորոյանը պատասխանեց, որ երկար տարիներ աշխատել է գործարանում՝ որպես առաջին փորձարկումներն անցկացնող մրցարշավորդ և «Աուդի»-ն էլ այժմ հանդիսանում է մրցարշավի հովանավորը։
Արթուր Գորոյանը հավատարիմ մնալով ավտոմոբիլային սպորտի այն ոճին, որն ընտրել է ի սկզբանե, նշեց․
«Եթե սովորում ես դրսևորվել մի ոճում, ապա դժվար կլինի այլ ոճերի անցումը, քանի որ յուրաքանչյուրի համար կան հատուկ հմտություններ, որոնց պետք է տիրապետի մարզիկը։ Ես չէի ցանկանա փոխադրվել և հանդես գալ այլ ոճերում»։
Aysor. am-ի հարցին, թե բացի մեքենայի դիմացկունությունից, այլ ի՞նչ միջոցների գործադրմամբ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքին, Արթուր Գորոյանը պատասխանեց․
«Դիմացկունությունը ոչ միայն ավտոմեքենային է վերաբերում, այլև ողջ թիմին։ Եթե որևէ մեկը իր գործում մի փոքր կաղի, ապա ողջ հաղթանակը կդրվի վտանգի տակ։ Մեր թիմը մշտապես պատրաստվում է ավելիին, եթե պետք է 100%-ով ապահովել հաղթանակ, ապա մենք դա անում ենք 150%-ով, եթե պետք է ընթացքի մեջ լինել 24 ժամ, ապա մենք հավելյալ 24 ժամի համար ևս պատրաստվում ենք։ Իսկ եթե տրված լինի 2,07 լավագույն ժամանակ, մենք մեր ընթացքն ավարտին ենք հասցնում 2,03 ժամկետներում»։
Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը, ով պատասխանեց ֆեդերացիայի աշխատանքների հետ կապված լրագրողներին հուզող հարցերին։
«Մեր երկրում չունենք համապատասխան պայմաններ, բայց այժմ մեր ավտոմոբիլային ֆեդերացիան ջանքեր է տանում այդ ուղղությամբ։ Կառավարությանը պատրաստվել և ներկայացվել են պլաններ՝ ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ինչը այդքան էլ հեշտ չէ և ժամանակ պահանջող հարց է», - ասաց նա՝ նշելով, որ այժմ ֆեդերացիան պետական բյուջեից որևէ ֆինանսավորում չի ստանում։
Մանուկյանը ցավով նշեց, որ հարևան երկրներում՝ Վրաստանում և հակառակորդ երկրում կան բոլոր ստանդարտներին համապատասխանող մրցուղիներ, ինչը բացակայում է Հայաստանում։ Մանուկյանի խոսքով, ՀՀ-ում նման պրոֆեսիոնալ վազքուղիներ ստեղծելու համար անհրաժեշտ են մինիմում՝ մեկ միլիոն դոլար և մաքսիմում՝ 50 միլիոն եվրո։
«Անհրաժեշտ է 1 կմ 400-500-ի վրա տարածք, որը որ պետք է լինի Երևանին մոտ և չլինի բարձրադիր։ Այն տարածքները, որը ֆեդերացիան դիտարկել է, սեփական հողատարածքներ են եղել։ Մենք կառավարությանը առաջարկել ենք նաև, որ տրվի համապատասխան տարածք, իսկ մնացած ֆինանսավորումը փորձենք ներդնել դրսից», - ասաց ֆեդերացիայի նախագահը։
Արսեն Մանուկյանը հավելեց, որ ի տարբերություն անցյալ տարիների, երբ Հայաստանը մշտապես մասնակցել է ավտոմրցարշավերի ասամբլեային, այս տարի չի մասնակցի, քանի որ այն անցկացվելու է հակառակորդ երկրում։