
02/02/2023 14:22
Զենք-զինամթերք պահելու համար Կոշ գյուղում երիտասարդ է ձերբակալվել
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 1-ին Կոշ գյուղի 7-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել նույն գյուղի 27-ամյա մի բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածքում խուզարկվել է «ՎԱԶ-2121»-ը. բեռնախցիկում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի հրացան: Խուզարկություն է կատարվել նաև երիտասարդի բնակարանում: Հայտնաբերվել է հինգ փամփուշտ, որոնցից երկուսը՝ կրակված:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: