
02/02/2023 21:31
Եվրոպացի, ամերիկացի և ուկրաինացի մի խումբ քաղաքական գործիչներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Կիրկորովի, Սոբչակի և այլ հայտնի անձանց դեմ
Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մի խումբ քաղաքական գործիչներ կոչ են արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի և մի քանի այլ անձանց նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, հայտնել է Բրյուսելի Euractiv հարթակը։
Հարթակի հայտնած տվյալների համաձայն՝ քաղաքական գործիչների խումբը նամակ է հղել ԵՄ խորհուրդը նախագահող երկրի՝ Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին՝ հորդորելով նշված անձանցից բացի, պատժամիջոցներ կիրառել նաև «Նորնիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինի, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի և մի քանի այլ անձանց նկատմամբ։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Euractiv-ին ասել է, որ նախաձեռնությունը հայտնած քաղաքական գործիչների խմբի կազմում են Եվրախորհրդարանի պատգամավորներ, ԱՄն կոնգրեսականներ, Ռադայի պատգամավորներ։