
02/02/2023 21:23
«ԱՄՆ-ում համապատասխան անձանց կոչ ենք անում խստորեն պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը»․ ԱԳՆ
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չխախտել «Մեկ Չինաստան» սկզբունքը և չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ արձագանքելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հայտարարությանն, ըստ որի Պեկինն իրեն չի կարող արգելել այցելել Թայվան։
«Չինաստանը ԱՄՆ-ում համապատասխան անձանց կոչ է անում խստորեն պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ 3 համատեղ հռչակագրերի դրույթները, հարգել միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, դադարել միջամտել Չինաստանի ներքին գործերին, չկատարել գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Չինաստանը կշարունակի հաստատակամորեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։
Նշենք, որ Թայվան այցելելու մտադրության մասին Մաքքարթիի հայտարարությունից հետո ամերիկյան Punchbowl News-ը հայտնել էր, որ Պենտագոնը մշակում է քայլեր՝ Մաքքարթիի այցը Թայվան այս գարնանն իրականացնելու ուղղությամբ։