
02/02/2023 18:36
Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը․ Պապիկյան
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Շրջելով զորամասի տարածքում՝ նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։
Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նախարարը նաև ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։