
02/02/2023 12:07
Այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, բայց սպասվում է երկարատև վերականգնողական ընթացք. Նախարար
Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
«Բարեբախտաբար, այս պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, բայց սպասվում է երկարատև բժշկական օգնություն, վերականգնողական ընթացք», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն ասաց, որ տեսակցել է զինծառայողներին, մանրամասն զրուցել թե՛ նրանց, թե՛ բժիշկների հետ։
«Հիմա անցկացնում ենք քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում բուժման պրոցեսը», - ասաց նա։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն: