
02/02/2023 11:09
Հայաստանում մարտի 1-ից կմեկնարկեն վարժական հավաքները
2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով։