
02/02/2023 21:05
Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստի ընթացքում
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն ամփոփ անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումներին․
«Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները։
Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ»։