
03/02/2023 16:47
«Եթե նրանք իրական դաշնակիցներ լինեին, ապա մեզ կզգուշացնեին ահաբեկչության վտանգի մասին»․ Չավուշօղլուն նեղացել է Արևմուտքից
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Արևմուտքի այն երկրներին, որոնք անվտանգության սպառնալիքների պատճառով փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում, մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ:
«Եթե նրանք իրական դաշնակիցներ լինեին, ապա մեզ կզգուշացնեին մոտալուտ սպառնալիքների մասին։ Եթե ահաբեկչության վտանգ կար, արդյոք նրանք չպե՞տք է մեզ զգուշացնեին։ Մենք հարցում ենք ուղղել ՆԳ նախարարությանը, հետախուզությանը, ինֆորմացիայի փոխանակում տեղի չի ունեցել։ Մենք գտնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունները փակելը միտումնավոր քայլ է եղել»,- ասել է Չավուշօղլուն՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարային հաջողվել է պարզել, որ որոշ երկրներ մյուսներին ևս կոչ են արել հետևել իրենց օրինակին և փակել Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչությունները։
«Բոլոր դեպքերում և բոլոր առումներով այդ հայտարարություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները փակելը նպատակաուղղված քայլեր են եղել»,- ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ ավելի վաղ Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի՝ բոլոր այն երկրների դիվանագիտական առաքելության ղեկավարները, որոնք փակել են իրենց գլխավոր հյուպատոսությունները Թուրքիայում, կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ քննարկումների։ Այնտեղ նրանց ասել են, թե իրենց որդեգրած մոտեցումը «ծառայում է ահաբեկչական կազմակերպությունների շահերին»։
Հիշեցնենք՝ մի շարք եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում ահաբեկչության հնարավոր վտանգի մասին և կոչ էին արել խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, ապա նաև հայտարարել էին Ստամբուլում գտնվող իրենց գլխավոր հյուպատոսությունները ժամանակավորապես փակելու մասին։ Այդ փաստը վրդովվեցրել է թուրքական իշխանություններին։