03/02/2023 11:52
Չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին. Նիկոլ Փաշինյան
Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ, «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։
«Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։
Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները։
Մենք սկսել ենք ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով։
Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է», - ասաց Փաշինյանը: