
04/02/2023 17:44
Եկեղեցուց ակնկալիքները շատ են. լավ օրից չէ. Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Մայր Աթոռից սպասումները բավական շատ են։ Երբ տեսնում ես, որ պետության ինստիտուտները պատշաճ չեն գործում, պարտության էջը ոչ միայն չի շրջվում, այլև ընթացքը շարունակվում է մեծ արագությամբ՝ ճանապարհին խժռելով ամեն ինչ, հասկանում ես, որ եկեղեցուց ակնկալիքներդ տեղին են. Մայր Աթոռն ունի հանրությանը մոբիլիզացնելու, պատասխանատվություն ստանձնելու պատմական փորձառություն,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։
«Եկեղեցին աշխարհասփյուռ կառույցներով, հավատավոր զավակներով կարող է անել ավելին, քան արվում է այսօր։ Իհարկե, չեմ կարող ուրանալ, ասել, որ եկեղեցին ջանքեր չի գործադրում, բայց այդ ջանքերը բազմապատկելու խնդիր կա՝ մտապատկերում ունենալով մեր 120 000 շրջափակված հայերին»,- նշել է նա։
Կարեն Բեքարյանի խոսքով՝ «ճոճանակը» շարունակում է իր ընթացքը, և մենք ունենք հնարավորություն այդ ընթացքի վրա ազդելու։ Հանրությունը պետք է գիտակցի, որ գործոն է և կարող է սեփական ընտրությամբ, քայլերով ազդել այդ ընթացքի վրա։
«Եթե կարողանանք պարտության ընթացքը կանգնեցնել, առաջին հերթին պետք է վերականգնել, կարգի բերել պետական ինստիտուտները։ Պարտության էջը հնարավոր կլինի շրջել, եթե մեզնից յուրաքանչյուրն ընդունի բանաձևը՝ եթե ուզում ես ապրել սեփական հողի վրա, զավակներիդ ապագան պատկերացնում ես հայրենիքում, ապա հնարավոր չէ հիմա անտարբեր մնալ՝ հուսալով, թե բոլոր հարցերը կարգավորելու են ուրիշները, և ոչ դու»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։