
04/02/2023 16:54
«Հեղափոխությունը» վաղուց է սկսել խժռել իր զավակներին, պարզապես կամք է պետք դա ընդունելու համար. Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Իրականության և հանրային ընկալումների միջև կա խզվածք՝ հանրությունն անվտանգային, արտաքին քաղաքականության խնդիրներին հետևելիս շատ դեպքերում դրանք ընկալում է ներքաղաքական պայքարի ծիրում. ընդդիմության համար սա մարտահրավեր է, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ հավելելով՝ ցավոք, հանրությունը կատարվողի խորքային ընկալման ցանկություն չի ցուցաբերում։
«Որպես հանրություն՝ կորցրել ենք ուղենիշները, հիվանդացել. սեպտեմբերյան ռազմական գործողություններին, մարդկային ու տարածքային կորուստներին, վերջին ողբերգական հրդեհին հանրությունը համարժեք արձագանքե՞ց․․․», -նշել է նա։
Ըստ Կարեն Բեքարյանի՝ պարտության էջը չի փակվում նաև հանրության անտարբերության պատճառով։ «Դե լավ, ես ինչ կարող եմ անել»-ը ճգնաժամային, կրիտիկական վիճակում լուծում չէ, ինչպես որ լուծում չէ ըստ ճաշակի առաջնորդվելը՝ «այս մեկին չեմ սիրում, այն մեկին մի քիչ քիչ եմ ատում»։
Վերլուծաբանի համոզմամբ՝ մարդկանց կողմից սեփական սխալները չխոստովանելու, չընդունելու բարդույթն ավելի է խորացնում ճգնաժամը։
«Հեղափոխությունը դեռ վաղուց սկսել է խժռել իր զավակներին, պարզապես կամք է պետք դա ընդունելու համար։ Հանրությունը որոշել էր՝ բոլորը սրիկաներ են, նրանց հեռացնենք, խնդիրներն էլ կվերանան։ Բացատրում էինք՝ խնդիրներն արմատավորված են, երկարատև, հետևողական աշխատանք են պահանջում, ձեր պատկերացրած եկողները լուսնից չեն իջել, նույն հանրության մասն են՝ նույն արատներով, իրենցից էլ եք հիասթափվելու, բայց չեք արտահայտվելու, որովհետև պատրաստ չեք սխալն ընդունել»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Նրա գնահատմամբ՝ սխալները չընդունելը ավելի շատ հոգեբանական խնդիր է, քան քաղաքական, այլ բան է, որ խառնվելով սոցիալականին՝ քաղաքական անոմալ օրակարգեր է թելադրում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։