
04/02/2023 20:12
Ճապոնիայի վարչապետն իր օգնականին ազատել է աշխատանքից՝ սեռական փոքրամասնությունների մասին նրա հայտարարության պատճառով
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան աշխատանքից ազատել է իր օգնական Մասայոշի Արայիին՝ սեռական փոքրամասնությունների մասին նրա հայտարարություններից հետո, հայտնել է NHK հեռուստաալիքը։
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան, այդ պատճառով էլ որոշում եմ կայացրել ազատել նրան աշխատանքից»,- Կիսիդայի խոսքերն է մեջբերել NHK-ն։ Ճապոնիայի վարչապետի նոր օգնական է նշանակվել Սադանորի Իտոն։
Կիսիդայի արդեն նախկին օգնական Մասայոշի Արային նախօրեին լրագրողների հետ զրույցում ճիշտ չէր համարել նույնասեռ ամուսնությունների օրինականացումը։
«Ես չէի ցանկանա ԼԳԲՏ ներկայացուցիչների կողքին ապրել, ինձ համար տհաճ է նույնիսկ նրանց տեսնելը»,- ասել էր Արային՝ հավելելով, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացումը կփոխի հասարակության կառուցվածքը, կհանգեցնի նրան, որ բազմաթիվ մարդիկ կհեռանան երկրից ։
Ավելի ուշ, սակայն նա ստիպված ներողություն էր խնդրել իր ձևակերպումների համար՝ ասելով, որ հարցի շուրջ ընդամենը սեփական տեսակետն է արտահայտել, որը տաբերվում է Ճապոնիայի վարչապետի տեսակետից։
Հատկանշական է, սակայն, որ Ճապոնիան G7-ի երկրներից միակն է, որտեղ նույնասեռ ամուսնությունները չեն օրինականացվել։ Երկրի իշխող կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ դեմ են հանդես գալիս այդպիսի ամուսնությունների օրինականացմանը։