
04/02/2023 18:00
Կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպության ղեկավարին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն երկրի հակակոռուպցիոն հասարակական շարժման ղեկավարին ձեբակալել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վեցնելու պահին, հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն ժողովրդական շարժման» ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Ղրղզստանի քրեական օրենսգրքի 208-րդ՝ «շորթմամբ կաշառք պահանջելու և ստանալու» հոդվածով։ Հետաքննության շահերից ելնելով՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն ՀԿ-ի ղեկավարի անուն-ազգանունը չի նշել, սակայն նշված կազմակերպությունը մինչև այս պահը ղեկավարել է Ալմազբեկ Կանկուլիևը։
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայության հայտնած տվյալների համաձայն՝ ձերբակալվածը պարբերաբար գումար է շորթել Կեմինսկի շրջանի Չուի բնակավայրի իշխանություններից՝ նրանց ֆինանսական գործունեության աուդիտը դադարեցնելու խոստմամբ՝ այն դեպքում, երբ իրավապահների կողմից շրջանի ղեկավարության նկատմամբ գործ է հարուցվել հենց հակակոռուպցիոն շարժման ղեկավարի նախաձեռնությամբ։ Բացի այդ, հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավարը, օգտվելով իր կարգավիճակից, պետական տարբեր մարմիններից տվյալներ է պահանջել պետբյուջեից նրանց հատկացվող գումարների չափի վերաբերյալ, իսկ մերժման դեպքում սպառնացել է նրանց վարկաբեկող տեղեկություններ հայտնել դատախազություն ու Հաշվեքննիչ պալատ և նրանց նկատմամբ իրավական գործընթացներ նախաձեռնել։ Հակակոռուպցիոն շարժման ղեկավարը նաև պետգնումների գործընթացում է ներգրավված եղել՝ գնումների մասնակիցներին խոստանալով միջամտել, որ մրցույթներում հաղթեն, ինչի դիմաց պահանջել է հստակ գումարներ։