
06/02/2023 17:37
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Մոսկվա․Պուտին-Գրոսսի հանդիպում նախատեսված չէ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս շաբաթ կայցելի Ռուսաստան, շրջանառվող տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այցի ընթացքում քննարկվելու է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտուն առնչվող խնդիրը։
«Այցն այս շաբաթ տեղի կունենա, կարող եմ հաստատել։ Ակնկալում ենք խորը մասնագիտական քննարկում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության գոտու շուրջ, դա հանդիպման առանցքային հարցն է լինելու»,- ասել է դիվանագետը՝ ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ակնկալվող այցին՝ տեղեկացնելով, սակայն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ հանդիպում չի նախատեսել։
«Գրոսսիի և Պուտինի հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ։ Գրոսսիին սպասում են «Ռոսատոմ»-ի նրա գործընկերները, ԱԳՆ-ի ներկայացուցիչները։ Անհրաժեշտության դեպքում այլ նախարարություններ ու գերատեսչություններ կներգրավվեն (հանդիպմանը-խմբ․)։ Ռուսաստանում իրոք ակնկալում են, որ առարկայական բանակցություններ կանցկացվեն»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներին։