
06/02/2023 17:24
Ցանկացած զիջում կապիտուլյացիա է․ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը դեմ է հանդես եկել ժամանակավոր զինադադարին՝ ասելով, որ դա կբերի ռազմական գործողությունների նոր փուլի։
«Ցանկացած զիջում կապիտուլյացիա է, մենք դա թույլ չենք տա ոչ մի դեպքում։ Ժամանակավոր զինադադարը կհանգեցնի միայն պատերազմի հաջորդ փուլի՝ Ուկրաինայում»,- հայտարարել է Պոդոլյակը։
Նշենք, որ ավելի վաղ շվեյցարական Neue Zürcher Zeitung-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ԿՀՎ ղեկավարին հանձնարարել է պարզել՝ պատրա՞ստ են արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների։ Շվեյցարական պարբերականի վարկածով՝ ԱՄՆ-ն ուկրաինական կողմին առաջարկել է խաղաղություն հաստատելու դիմաց զիջել իր տարածքի 20 տոկոսը, սակայն այդ տարբերակը Մոսկվային և Կիևին չի գոհացրել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հերքել է տեղեկություններն, ըստ որոնց ԱՄՆ-ն ծրագիր է առաջարկել, որը նախատեսում է Ուկրաինայից տարածքային զիջումներ՝ խաղաղության դիմաց։