
07/02/2023 21:06
Փաշինյանն Էրդողանին ցավակցություն ու զորակցություն է հայտնել, տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի փրկարարական ուժերին Թուրքիա տեղափոխող ինքնաթիռը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: