07/02/2023 14:32
Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան
Ազգային ժողով նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկ-երկու օրում առաքելություն ուղարկել Հայաստան:
«Ներողություն եմ խնդրում, բայց ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև այդ կազմակեպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը ու ես վստահ չեմ, որ իրենցից մեկը վետո չի դնի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը:
Նա ասաց, թե չի հասկանում՝ ի՞նչ է փոխվել ՀԱՊԿ-ում, որովհետև ժամանակին այն, ինչ Հայաստանն էր ուզում ու պահանջում, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր:
«Իրենք քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին»,- ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը դեռ սեղանին է։
«Եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել էր Լավրովը։