
08/02/2023 20:18
Ուկրաինան վերականգնելու և ականազերծելու համար տասնամյակներ են անհրաժեշտ․ Բորել
Ռազմական գործողություններից հետո Ուկրաինայի վերականգնման և ականազերծման համար տասնամյակներ կպահանջվեն, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած համաժողովի ժամանակ։
«Ուկրաինայի վերականգնման, հողն ու ջրային տարածքն ականներից մաքրելու համար տասնամյակներ կպահանջվեն»,- ասել է Բորելը։
Նա նշել է, որ օրերս լինելով Կիևում՝ հնարավորություն է ունեցել տեղում գնահատել իրավիճակը։
«Հազարավոր ու հազարավոր ականներ պետք է գտնվեն ու վնասազերծվեն։ Ուկրաինայի տարածքի մեկ երրորդը լցված է պայթուցիկ սարքերով։ Վերականգնման համար տասնամյակներ են պետք։ Խորվաթիայի, Կոլումբիայի փորձև, բոլոր այն երկրների փորձը, որտեղ պատերազմներ են եղել, ցույց է տալիս, որ հետևանքները տասնամյակներով են մնում»,- ասել է Բորելը։