
08/02/2023 19:11
Չինաստանը կոչ է արել չեղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Պեկինը կողմ է Դամասկոսի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների չեղարկմանը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ողբերգության ու աղետի պայմաններում ԱՄՆ-ն պետք է ձերբազատվի իր աշխարհաքաղաքական մոլուցքից, անհապաղ չեղարկի Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները և բացի դռները՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- հայտարարել է Մաո Նինը։
Նա ընդգծել է, որ պատերազմից հետո չվերականգնված Սիրիային այժմ նոր՝ հումանիտար աղետ է սպառնում։
«ԱՄՆ-ն երկար ժամանակ ներգրավված է սիրիական ճգնաժամում՝ ռազմական միջամտություններով, տնտեսական կոշտ պատժամիջոցներ կիրառելով, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի։ Այժմ էլ ամերիկյան զինվորականները, նախկինի պես, օկուպացված են պահում Սիրիայի նավթարդյունաբերական հիմնական շրջանները, գողանում են արդյունահանվող նավթի 80 տոկոսը, զբաղվում են մաքսանենգությամբ և երկրի պարենային պաշարների ոչնչացմամբ՝ խորացնելով հումանիտար աղետը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ Սիրիայում երկու օր շարունակ կոչ են անում չեղարկել իրենց նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի վերացնել երկրաշարժի հետևանքները։ Սիրիան հատուկ տեխնիկայի, սարքավորումների մատակարարման կարիք ունի, սակայն Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պառտճառով դրանց մատակարարման հետ կապված մեծ դժվարություններ կան, ինչը խոչընդոտ է՝ երկրաշարժից տուժած վայրերում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։