
08/02/2023 14:42
Տասնյակ անգամ ասել ենք, որ չենք հաջողել. դա ընդդիմության ոչ կազմակերպված, ոչ համախմբված աշխատանքի արդյունքն է. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանը Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձ չհղեց, իսկ հիմա Թուրքիա փրկարարներ են ուղարկում:
«Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:
«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ», - հավելեց Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խոստովանեց՝ պայքարում չեն հաջողել:
«Տասնյակ անգամ ասել ենք, որ չենք հաջողել ու դա նաև ընդդիմության ոչ կազմակերպված, ոչ համախմբված աշխատանքի արդյունքն է, բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է մնա այս վիճակում», - նշեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ հիմա ընդդիմությունը պասիվ է, փողոցում չէ, ո՞ւր են այդ դեպքում իրենց քննադատողները, ինչո՞ւ նոր առաջնորդներ առաջ չեն բերում:
Վարդանյանը վստահ է՝ 44-օրյա պատերազմից հետո ջարդվածքը հայ ազգը կկարողանա հաղթահարել ու Հայաստանը կդառնա ինքնուրույն պետություն: