09/02/2023 16:32
«Խոսում են «միջանցքների» մասին, Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»․ Հայաստանում Իրանի դեսպանը անհրաժեշտ է համարում երկու երկրների միջև հստակ օրակարգի ձևավորումը
Հայաստանն ու Իրանը պետք է հստակ օրակարգ ձևավորեն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Դեսպան Զոհուրին շեշտեց՝ շատ ավելի լավ կլինի, եթե Հայաստանն ու Իրանը հանդես գան նախաձեռնություններով, ոչ թե այլ կողմերի հայտնած նախաձեռնություններին արձագանքողի դերում լինեն։ Հենց այս համատեքստում Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձավ ադրբեջանաթուրքական կողմի՝ Հայաստանի տարածքով «միջանցք» բացելու նախաձեռնությանը։
«Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված «միջանցքների» մասին, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։
Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք պետք է աշխատենք նախաձեռնությամբ հանդես գալ։ Այսինքն, թույլ չտանք, որ նախաձեռնությունն այլ կողմից լինի, և մենք ուղղակի պատասխանենք այդ նախաձեռնություններին։ Հակառակը, մե՛նք պետք է որպես նախաձեռնող կողմ հանդես գանք»,-ընդգծեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց նաև՝ և՛ հայկական կողմը, և՛ իրանական կողմը պետք է մտածեն՝ ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկեն։
«Չպետք է սպասենք, որ նախաձեռնություն կամ ինչ-որ նոր մտահղացում լինի, ասենք թե, ինչ-որ նոր «միջանցք» բացելու հետ կապված, հետո նոր միայն որոշենք՝ ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք և արտահայտենք։ Այսինքն, չպետք է թույլ տանք նման բան»,- իր դիրքորոշումը վերահաստատեց դեսպանը։