17/02/2023 18:42
Իրանն ու Չինաստանը 3,5 միլիարդ դոլարի համաձայնագրեր ու պայմանագրեր են ստորագրել
Պեկինի և Թեհրանի միջև 3,5 միլիարդ դոլար արժողությամբ 19 համաձայնագիր ու պայմանագիր է ստորագրվել, հայտարարել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։
«Միայն արդյունաբերության, բնական ռեսուրսների և առևտրի ոլորտներում 19 պայմանագիր և համաձայնագիր է կնքվել՝ ի հավելումն փոխըմբռնման 20 հուշագրի»,- Փեյմանփաքի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտնել է նաև, որ Թեհրանն ու Պեկինը պայմանավորվել են Իրանում տեղական ու չինական փոքր ու միջին ձեռնարկությունների համար արդյունաբերական գոտի ստեղծել։
Ալիռեզա Փեյմանփաքը իրանական պատվիրակության այցը Չինաստան և հյուրընկալող կողմի հետ բանակցություններն արդյունավետ է որակել։ Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա)՝ երկրների գործարար շրջանակների հետ կապերը սերտացնելու նպատակով։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա գլխավորած պատվիրակությունը պետական այցով Չինաստանում էին փետրվարի 14-16-ը։