17/02/2023 21:03
«Դժվար թե Վաշինգտոնն արձագանքի Բելառուսի նախագահի նախաձեռնությանը»․ Պեսկովը՝ Լուկաշենկոյի նոր մտահղացման մասին
Կրեմլը թերահավատ է, որ Վաշինգտոնը կողջունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Մինսկում իր, ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դա Բելառուսի նախագահի նոր նախաձեռնությունն է։ Դուք, հավանաբար, ծանոթ եք Սպիտակ տան հայտարարության բովանդակությանը, այնտեղ ասվում է, որ ԱՄՆ նախագահը Լեհաստանից բացի՝ այլ այցեր չի պլանավորել, այդ պատճառով դժվար թե Վաշինգտոնը արձագանքի Բելառուսի նախագահի նախաձեռնությանը»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 20-22-ը կայցելի Լեհաստան, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի, ինչպես նաև Բուլղարիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի ղեկավարների հետ։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին, տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված իր հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն էր հայտնել Մինսկում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
«Պուտինն էլ կժամանի Մինսկ, երեքով կհանդիպենք այստեղ՝ երկու «ագրեսորներն» ու «խաղաղասեր» նախագահը։ Իսկ ինչու՞՝ ոչ։ Պատերազմին վերջ տալու համար։ Հենց այստեղ, Մինսկում, ձեր ներկայությամբ, երաշխավորում եմ, որ Վլադիմիր Պուտինն էլ կգա, կնստենք ու կլուծենք խնդիրը։ Բոլոր խնդիրներն այստեղ կլուծենք»,- մասնավորապես, ասել էր Լուկաշենկոն ։