17/02/2023 16:46
Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում․ Hürriyet
Թուրքական մամուլը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է հիշատակում տարիներ շարունակ սեյսմոլոգների կողմից բարձրաձայնվող կանխատեսումների մասին, համաձայն որոնց մոտ ապագայում հզոր երկրաշարժ կարող է տեղի ունենալ 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում։ Առաջին նման կանխատեսումը հնչել է դեռևս 2006 թվականին։
Այսպես, թուրքական Hürriyet-ի հրապարակման համաձայն, սեյսմոլոգների կողմից Ստամբուլում կանխատեսվող երկրաշարժը սոցիալ-տնտեսական ահռելի հետևանքների կհանգեցնի, մարդկային կորուստները շատ ավելին կլինեն, քան Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի ժամանակ։ Նշենք, որ 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվածների թիվը այս պահի դրությամբ 38 044 է։
Hürriyet-ը, վկայակոչելով սեյսմոլոգների գնահատականները, գրում է, որ Ստամբուլը Անատոլիական ու Եվրասիական տեկտոնիկ սալերի միացման կետում է գտնվում, Հյուսիս Անատոլիական խզվածքից 15-20 կմ հարավ՝ անցնելով Մարմարա ծովի հատակով, ինչն էլ սեյսմիկ վտանգի ցուցիչ է։
«Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի փորձն էր»,- գրում է թուրքական պարբերականը՝ վկայակոչելով մասնագետների գնահատականները, համաձայն որոնց 7,5 բալանոց երկրաշարժի դեպքում Ստամբուլում կփլուզվեն եղած շենքերից ու կառույցներից 39 325-ը, լուրջ վնաս կկրեն 13 492-ը, համեմատաբար ավելի քիչ կվնասվեն 136 746-ը, թեթևակի կվնասվեն 300 963-ը։ Ստամբուլում 1 164 000 շենք և 4,5 միլիոն բնակարան է հաշվարկված, որոնցից յուրաքանչյուրում միջինում 3,3 մարդ է բնակվում։ Սեյսմոլոգների կանխատեսումներով՝ 7,5 և ավելի բալանոց երկրաշարժի դեպքում այդ բնակարաններից 211 000-ից ավելին շատ լուրջ վնասներ կկրեն։
Hürriyet-ը նշում է նաև, որ Ստամբուլում 255 000 շենք-շինություններ կառուցվել են մինչև 1980 թվականը, 1980-2000 թվականների ընթացքում կառուցվել են ևս 538 000-ը, իսկ 2000 թվականից հետո՝ 376 000-ը, ինչը նշանակում է, որ շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը, սակայն այն փաստը, որ շենքերի 30 տոկոսը նոր է կառուցվել, չի երաշխավորում, որ դրանք սեյսմիկ առումով անվտանգ են, քանի որ 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամբողջովին փլուզվել են ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված նորակառույց բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն էին համարվում։