17/02/2023 11:20
Ոստիկանների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ. աշխատավարձերը կբարձրանան
Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:
«Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից /նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները/:
Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի:
Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվում են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:
Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան և ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Անհրաժեշտության դեպքում կարող են սահմանվել հերթականության որոշման այլ չափորոշիչներ:
Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված:
Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտությունները ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):
Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:
Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարցի համար համակարգչային ծրագիրն առաջարկելու է ճիշտ պատասխանին հնարավորինս մոտ երեք սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակ, լինելու են նաև իրավիճակային խնդիրներ:
Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը:
Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:
Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:
Ոստիկանությունում ձևավորվելու են ատեստավորումներն անցկացնող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվելու են երեք խումբ անդամներ՝ մասնագիտական /այդ թվում՝ բարեվարքության/ գիտելիքների ստուգումն ապահովող, ֆիզիկական պատրաստականության վիճակի ստուգումն ապահովող, ինչպես նաև կրակային պատրաստականության ստուգումն ապահովող:
Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետում, տրվելու է վերաատեստավորման հնարավորություն:
Ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու /ատեստացիա չանցնելու/, ինչպես նաև ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով՝ ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատետավորման: Ատեստավորվելու օրվանից 4 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք, որը պետք է իրացնի առաջին ատեստավորման օրվանից սկսած 5 տարի 6 ամիս ժամկետում»,- նշվում է նախագծում։