18/02/2023 11:00
Բազմաբնակարան էլիտար շենքի պահակակետում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan-ը։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Անտառային 134 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի պահակակետում տղամարդու դի կա։
Ոստիկանները նշված պահակակետում, աթոռի վրա հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների կապալառուն «ՀԱՅՍ» ՍՊԸ-ն է, տեխնիակական հսկողությունը դրված է «ՍԱՍՈՒՆ ԹՐԱՍՏ» ՍՊԸ-ի վրա, հեղինակային հսկողությունը դրված է «ՍԱՓ» ՍՊԸ-ի վրա։